ՀՀ Փաստաբանների Պալատ

ՈՉ ԻՄԱՑՅԱԼ ՄԱՀԸ ՄԱՀ Է, ԻՄԱՑՅԱԼ ՄԱՀՆ՝ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ․ԱՅՍՕՐ ՀԵՐՈՍ ԼԵՎՈՆ ԼԵՎՈՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

13.08.2022 20:53

ՈՉ ԻՄԱՑՅԱԼ ՄԱՀԸ ՄԱՀ Է, ԻՄԱՑՅԱԼ ՄԱՀՆ՝ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ․ԱՅՍՕՐ ՀԵՐՈՍ ԼԵՎՈՆ ԼԵՎՈՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

   ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնության համաձայն՝  ամեն տարի փաստաբանական համայնքն իր հարգանքի տուրքն է մատուցում՝ հանուն հայրենիքի նահատակված մեր հերոսների ընտանիքներին:

   Օգոստոսի 13-ը, փաստաբան Կարեն Լևոնյանի որդու՝ Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված Լևոն Լևոնյանի ծննդյան օրն է:  

   Լևոնն ընդամենը 40 օրվա ծառայող էր, երբ մեկնեց ռազմաճակատ։ Հենց առաջին օրից նետվել է ռազմադաշտ, կռվել Ակնայում, զոհվել Կարմիր շուկայում՝ 2020թ. հոկտեմբերի 30-ին ԱԹՍ հարվածից:

   Այսօր Լևոնը կդառնար 22 տարեկան: Ի հիշատակ հերոսի՝ ծննդյան օրը տեղի ունեցավ նրա անունով խաչքար-հուշակոթողի բացումը:

   Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսի հիշատակի օրվա արարողություններին ներկա էին Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը, ներկայացուցիչներ Փաստաբանների պալատից և փաստաբանական դպրոցից, հերոսի հարազատները և ընկերները:

   Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը, դիմելով Լևոնյանների ընտանիքին և հարազատներին, ընդգծեց, որ չարաբաստիկ պատերազմն ընդհատել է Լևոնի միայն ֆիզիկական կյանքը, բայց նրա հիշատակը հավերժ է, քանզի անմահ է նրա սխրանքը:

«Վերապրելով կորստի մեծ ցավը՝ մենք մեր պարտքն ենք համարում մշտապես լինել մեր գործընկերների կողքին, որովհետև հերոսների ծնողները պետք է մշտապես արժանանան մեծարանքի: Հարգելի՛ ներկաներ, ցավոք պատերազմը դեռ չի ավարտվել: Հանուն մեր հերոսների, բոլորս պիտի  այնպես ապրենք, որ  մեր տղաների աչքերում եղած հաղթանակը իսկապես ի կատար ածենք»,֊ եզրափակելով իր խոսքը՝ նշեց Արա Զոհրաբյանը:   

Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ հերոսի հայրը՝ փաստաբան Կարեն Լևոնյանը,  նշեց, որ տխրության ու ցավի հետ մեկտեղ հպարտ է, որ հերոսի հայր է:

« Ես անչափ շնորհակալ եմ բոլորիդ՝ այսօր այստեղ գտնվելու, իմ որդու ծննդյան օրը նշելու, խաչքարի բացման արարողությունը կազմակերպելու և նրա հիշատակը վառ պահելու համար: Թող որ բոլորն ապրեն խաղաղ երկնքի տակ: Այդ խաղաղությունը իմ որդին և հայրենիքի համար կյանքը չխնայած տղերքն են պարգևել »,-ասաց Լևոնի հայրը:

Փաստաբանական համայնքի ներկայացուցիչներն իրենց  հարգանքի տուրքը մատուցեցին հերոսի ընտանիքին՝ այցելելով նաև Լևոն Լևոնյանի շիրիմին:

 

   Հիշեցնենք, որ 2020թ. Արցախյան պատերազմին մեր հայրենակիցների թվում մասնակցել են նաև փաստաբաններ և նրանց ընտանիքների անդամներ:

   Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում բոլոր զոհվածների ընտանիքների անդամներին:  

   Հիշեցնենք նաև, որ Փաստաբանների պալատի նախագահի 17.03.2021թ. թիվ 45-Լ որոշմամբ հաստատվել է «Հարգանքի տուրք մատուցելու օրեր ընտրելու» կարգը և  կայացվել է 18.05.2021թ. թիվ 92-Ա որոշումը, որոնց համաձայն՝ յուրաքանչյուր տարվա համար սահմանվել են 2020 թվականի պատերազմի հետևանքով զոհված զավակներ ունեցող փաստաբանների ընտանիքներին հարգանքի տուրք մատուցելու հետևյալ օրերը․

1)   Զոհված Լևոն Կարենի Լևոնյանի ծննդյան օրը՝ օգոստոսի 13

2)   Զոհված Հրաչիկ Հրանտի Ավետիսյանի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 17

3)   Զոհված Միքայել Խաչիկի Դանիելյանի մահվան օրը՝ նոյեմբերի 1


Սահմանված օրերին ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմը և փաստաբաններն իրենց հարգանքի տուրքը կմատուցեն զոհվածների հիշատակին: 



DOWNLOAD

BACK