Սահակյան Ռուբիկը նախանձել է և փորձել է խոչընդոտել ինձ. Կրոմվել Գրիգորյանը' ՓՊ ընտրությունների մասին
03.09.2013 07:23Սեպտեմբերի 14-ին կայանալիք Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունների նախընտրական քարոզարշավը երեկ մեկնարկել է, և ընտրապայքարին մասնակցում են 4 փաստաբաններ' Արա Զոհրաբյանը, Տիգրան Աթանեսյանը, Կրոմվել Գրիգորյանը և Աշոտ Թադևոսյանը:
Ներկայացնում ենք Պալատի նախագահի թեկնածու Կրոմվել Գրիգորյանի հետ Panorama.am-ի հարցազրույցը.
Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք սկսել նախընտրական քարոզարշավը և ինչպե՞ս եք ծրագրում անցկացնել այն:
Դե, փորձում եմ լրագրողների հարցերին պատասխանել, հանդիպումներ կազմակերպել փաստաբանների հետ, մամուլի ասուլիս կազմակերպել, մի խոսքով՝ ամեն հնարավոր միջոցները օգտագործելու եմ: Հետաքրքրություն կա ընտրությունենրի նկատմամբ:
Պարոն Գրիգորյան, ընտրական գործընթացներին հատուկ «սև տեխնոլոգիաներ» պատրաստվո՞ւմ եք օգտագործել:
Ես դեմ եմ նման մեթոդներով աշխատելուն, բայց բոլոր դեպքերում, եթե հակառակորդներից, մրցակիցներից որևիցե մեկը նման բան փորձի անել, նախ կաշխատեմ նման պատասխան տալ...ուղղակի ես կողմ չեմ այդ մեթոդներով աշխատելուն: Մինչև այս պահը չեմ տեսել, որ մրցակիցները նման ակնարկներ անեն: Ես կարծում եմ՝ չեմ էլ տեսնի նման բան, փաստաբաններն իրենց կոռեկտ կպահեն:
Պարոն Գրիգորյան, այնուամենայնիվ, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել:
Պարոն Գրիգորյանը անցել է մի ճանապարհ, բավականին լուրջ խնդիրներ է ունեցել դատախազության, ազգային անվտանգության, ոստիկանության, դատարանների հետ ու այդ խնդիրները իմ աշխատանքում ես տեսել եմ, և մյուսները չպետք է անցնեն այդ ճանապարհով: Եվ եթե նման խնդիրներ էլ լինեն, Պալատը պետք է կանգնի իր կողքին, ոչ թե Պալատը ծառայի նրա համար, որ ընդամենը ամսեկան գումար պահանջի, և չտալու դեպքում էլ կարգապահական վարույթ հարուցի կամ արտոնագրի գործողությունը դադարեցնի:
Այսինքն՝ դուք էլ, ինչպես Տիգրան Աթանեսյանը, կարծում եք, որ փաստաբանը միայնա՞կ է, և Պալատը նրա կողքին կանգնած չէ՞:
Ես չեմ կարող ասել, թե դա Տիգրան Աթանեսյանի կարծիքն է՞, թե՞...Բայց ես համոզված եմ դրանում, իմ աշխատանքում եմ զգացել: Ավելին' կասեմ, որ եթե նախաքննության մարմինները չեն կարողացել փաստաբանին տույժի ենթարկել, ապա շատ հանգիստ դիմել են Պալատին ու հասել տույժի կիրառմանը:
Պարոն Գրիգորյան, դուք նաև հայտնի եք Փաստաբանների պալատի ղեկավարության հետ պարբերաբար դատական գործընթացներով...
Սահակյան Ռուբիկի' (Փաստաբանների պալատի նախագահն է-հեղ.) 8 տարվա Պալատի նախագահ եղած ժամանակվանից ինքը միշտ փորձել է ինձ համար խնդիրներ ստեղծել: Անընդհատ փորձել է խոչընդոտել իմ գործունեությունը: Բայց չի ստացվել:
Ինչո՞ւ են Ձեր և Փաստաբանների պալատի նախագահի միջև խնդիրներ առաջացել, պարոն Գրիգորյան:
Եվ մասնագիտական նախանձ, նաև այն, որ դուր չի գալիս, որ ...սովորաբար, ամեն փաստաբան չէ, որ իր աշխատանքային ողջ գործունեության ընթացքում կարողանում է իրեն սկզբունքորեն միշտ պահել այնպես, ինչպես որ ինքն է իրեն ցանկանում փաստաբանական գործունեության մեջ տեսնել: Հետո հեղինակությունն է խոսում. միշտ աշխատանքի ընթացքում ես ունեցել եմ ավելի շատ հեղինակություն, քան ինքը: Նաև նախանձը:
Այսինքն՝ Սահակյանը նախանձո՞ւմ է Ձեզ:
Դե, երևի թե էլի, երևի թե ու դրա համար միշտ փորձել է խնդիրներ ստեղծել: Անգամ մեկ անգամ խորհրդում գործ էինք քննարկում ինչ-որ անհիմն բողոք: Դրա վարույթը կարճվեց, սակայն պարոն Սահակյանը այսպիսի հայտարարություն արեց' բոլորս անխտիր ուզում ենք Ձեզ տույժի ենթարկել, սակայն քանի որ դուք օբյեկտիվորեն ճիշտ եք, մենք վարույթը կարճեցինք: Ու նաև մեկնաբանեց, թե ինչու էր ուզում տույժի ենթարկել' դու գործ ունես, մենք չունենք: Նախանձը միշտ ցույց է տվել, միշտ երևացել է: Ուզում ես գործ ունենաս, դու էլ աշխատի սկզբունքորեն, գործարքի մեջ մի մտի վարույթն իրականացնող մարմնի հետ' լինի քննիչ, լինի դատախազ, թե լինի դատավոր:
Պարոն Գրիգորյան, դուք ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները:
Նորմալ աշխատանքի պարագայում, հաջողություն կլինի:
Աջակցություն վայելո՞ւմ եք փաստաբանների շրջանում:
Միանշանակ, աջակցություն վայելում եմ, բավականին աղմկահարույց գործերով մասնակցել եմ, սկզբունքային եմ, երբևիցե պաշտպանյալի դեմ որևէ գործողություն իմ կողմից չի արվել: Բազմաթիվ անգամ փորձեր են կատարվել, որպեսզի ես վարույթն իրականացնող մարմնի հետ համագործակցեմ ի վնաս իմ պաշտպանյալի, բայց երբևիցե չի ստացվել: Անգամ 1999-ին քննչական գլխավոր վարչությունում տուժողի իրավահաջորդը փայտով խփել է գլխիս, հետո էլ ամբողջ քննչական ապարատը իմ դեմ ցուցմունք է տվել, որ ես եմ տվյալ անձնավորությանը փայտով խփել: Ու իմ դեմ քրեական գործ են հարուցել: Միշտ եղել է պահանջը մեկը' համագործակցիր մեզ հետ, դու խնդիր չես ունենա: Բայց ես չեմ հրաժարվել այդ գործից, անձին պաշտպանել եմ մինչև վերջ, ու դատարանի դահլիճից տվյալ անձնավորությունը գնացել է տուն: Դրանից հետո իմ նկատմամբ քրեական գործն են կարճել: Բավականին լուրջ խնդիրներ են ստեղծել վարույթն իրականացնող մարմիններն իմ դեմ, բայց հաջողության չեն կարողացել հասնել: Եթե հասնեին, բնական է, ես չէի աշխատի փաստաբան:
Պարոն Գրիգորյան, ի՞նչ նոր շունչ եք բերելու Պալատին, ի՞նչ եք խոստանում Ձեր գործընկերներին, որ կանեք ընտրվելու դեպքում:
Ընտրվելու դեպքում՝ ես կաշխատեմ, որպեսզի Պալատում յուրային և օտար չլինի: Խոստանում եմ, որ բոլոր փաստաբանները պաշտպանված կլինեն, խոստանում եմ, որ սկսնակ փաստաբանները աշխատանք ունենան, որպեսզի ապահովված լինեն աշխատանքով, որովհետև դա այսօր խնդիր է սկսնակ փաստաբանի համար: Ու ամենակարևորը, որպեսզի սկզբունքորեն գործող փաստաբանները Պալատի կողմից հարվածներ չստանան, այլ հակառակը' Պալատի կողմից պաշտպանված լինեն: Իսկ Պալատի կողմից այսօր հարվածներ ստանում են սկզբունքային, ոչ յուրային փաստաբանները, որոնք չեն ընդունել պարոն Սահակյանի նկատմամբ թեկուզ ձևական ենթակայությունը:
Աղբյուրը՝ http://www.panorama.am/am/law/2013/08/24/k-grigoryan-interview/
Բեռնել
Վերադառնալ