«Թույլ չենք տա նոր քաղաբանտարկյալ»
30.08.2013 14:16Օգոստոսի 24-ին ոստիկանների և Արգիշտի Կիվիրյանի միջև ծագած միջադեպի կապակցությամբ՝ ՊՊԾ գնդի դասակի հրամանատարի զեկուցագրի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով /իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն գործադրել/ հարուցվել է քրեական գործ:
Երեկ ժամը 17:00-ին քաղաքացիական ակտիվիստ, Armenia Today լրատվական կայքի համակարգող, մասնագիտությամբ իրավաբան Արգիշտի Կիվիրյանը հարցաքննության էր կանչվել ՀՔԾ:
ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց հավաքվել ու նրան սատարելու էին եկել մի խումբ ակտիվիստներ և փաստաբանների պալատի 30 փաստաբաններ՝ պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ միայն այս ամսվա ընթացքում իր ակտիվ գործունեության արդյունքում Արգիշտի Կիվիրյանը երկու անգամ բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք: Առաջին անգամ նրան տարել էին Ոստիկանություն քաղաքապետարանի դիմաց ապօրինի վրան տեղադրելու մեղադրանքով, իսկ 2-րդ անգամ՝ օգոստոսի 24-ին, երբ Կոմիտաս 5ա-ի բնակիչները փորձել էին փակել Կոմիտասի պողոտան:
Արգիշտի Կիվիրյանի համոզմամբ՝ «Այն ինչ չհաջողվեց իրականացնել օգոստոսի 1-ին, բավական կոպիտ ու անգրագետ ձևով իրականացվեց օգոստոսի 24-ին:
Այն ժամանակ էլ, երբ ինձ պարզապես գողացան ու ապօրինաբար տեղափոխեցին Ոստիկանություն, վնասվածքներ ստացողը ես էի, բայց նույն ոստիկանները փորձում էին այնպես անել, որ ես հունից դուրս գամ ու իրենց պատասխանեմ: Բայց ես չենթարկվեցի սադրանքներին: Այդ միջադեպի հետ կապված ես Ոստիկանությունում հաղորդում տվեցի կատարվածի վերաբերյալ, բայց թե ինչ ընթացքի մեջ է գործը, ես տեղեկություն չունեմ»,- ասաց նա։
Լրագրողների հետ զրույցում Արգիշտի Կիվիրյանն ասաց, որ իրեն հարցաքննության են հրավիրել քրեական օրենսգրքի 316 հոդվածի համաձայն: Նշված հոդվածով գործը հարուցվել է ոստիկանի բողոքի հիման վրա: Նա հստակ չգիտի, սակայն ենթադրում է, որ հարցաքննության հրավիրվել է որպես վկա:
«Ես իրականում պետք հրավիրվեի որպես տուժող, բայց գիտենք ինչպես է լինում Հայաստանում, դուք կարող եք հրավիրվել որպես վկա, հինգ րոպե հետո դառնալ կասկածյալ, տասը րոպե հետո՝ մեղադրյալ»,- ասաց նա:
Չնայած նրան, որ Ա. Կիվիրյանը իր փաստաբանների հետ ներկայացել էր հարցաքննության, սակայն այն տեղի չունեցավ:
«Ավելի քան երեսուն փաստաբանով գնացինք, պահանջեցինք, որ ապահովեն պատշաճ աշխատանքային պայմաններ, որ փաստաբաններս լիարժեք կարողանան ապահովել իմ պաշտպանությունը: Թող ՀՔԾ-ն ստեղծի պատշաճ պայմաններ, որ իմ փաստաբանները կարողանան լիարժեք կատարել իմ պաշտպանությունը: Եթե իմ փաստաբաններին ներս չեն թողնում, ինչպես են նրանք կարողանալու պաշտպանել
իմ շահերը»,- ասաց պարոն Կիվիրյանը:
Աշխատանքային օրվա վերջում նրան հանձնված ծանուցագրով պարզ դարձավ, որ հարցաքննության օրը փոխվում է և նրան կհարցաքննեն օգոստոսի 30-ին ժամը 12:00-ին:
Հավելենք, որ այս պահի դրությամբ Ա. Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով նրա շահերը պաշտպանելու ցանկություն են հայտնել մոտ 150 փաստաբան և չի բացառվում, որ նրանց թիվը կավելանա:
Կարինե Ղումաշյան
ՀՀ փաստաբանների պալատ
Բեռնել
Վերադառնալ